Genesis Armenia-ն Արցախում է՝ կրթական, գյուղատնտեսական և բիզնես ծրագրերով

Արցախում ենք՝ պատերազմից հետո առաջին անգամ․ դժվար ու ձիգ ճանապարհը մեզ բերեց Ստեփանակերտ։ 

Genesis Armenia-ի առաջին կանգառը Արցախի պետական համալսարանում էր։ Հանդիպեցինք ռեկտոր Արմեն Սարգսյանի և դասախոսական կազմի հետ։ Ներկայացրինք այն ծրագիրը, որը նպատակ ունենք իրականացնել ԱրՊՀ-ի հետ գործակցությամբ։ 

«Պատերազմից հետո էլ ավելի ակնհայտ դարձավ, որ մենք ունենք մի մեծ բացթողում՝ պատշաճ կերպով չենք տիրապետում տարածաշրջանային լեզուներին»,-նշեց Genesis Armenia-ի հիմնադիր, քգթ, դոցենտ Աբրահամ Գասպարյանը՝ ավելացնելով, որ ուղեղային կենտրոն/հիմնադրամը պատրատ է իր կադրային բազայով աջակցել ԱրՊՀ-ին՝ սկզբում հեռավար, ապա առկա դասընթացների միջոցով լրացնել այդ բացը։ Կրթական ծրագիրը ոչ միայն նպաստելու է լեզուների իմացությանը, այլև օգնելու է վերլուծել ու կանխատեսել տարածաշրջանային իրադարձությունները։

Genesis Armenia-ն պատրաստ է նաև օգնել համալսարանին՝ ֆունդամենտալ գիտությունները բերելու կիրառական դաշտ։ 

Սրանք մեր կրթական առաջարկների մի մասն է միայն․ Genesis Armenia-ն և ԱրՊՀ-ն նշանակեցին ծրագրի պատասխանատուների, որոնք ամբողջացնելու են գործակցության փաթեթը։ 

 

Այսօր հյուրընկալվեցինք նաև ԱՀ ԿԳՄՍ նախարարությունում։ Ի դեպ, նախարար Լուսինե Ղարախանյանը մեզ հետ հանդիպման եկավ անմիջապես Մարտակերտից, որտեղ գերատեսչությունն արդեն հանձն է առել մի շարք կրթական նախագծեր իրականացնել։ Նախարարը  փաստեց,  որ թեև  պատերազմը մեծ հետք է թողել, կորուստներն էլ ծանր են ու ցավալի,  բայց Արցախը վերականգնման փուլում է, և հատկապես այս շրջանում կարևոր է արդյունավետ գործակցություն հաստատել արցախակենտրոն կառույցների հետ։ 

«Genesis Armenia-ի հետ նոր, լուսավոր ճանապարհ ենք  սկսում»,-նշեց Լուսինե Ղարախանյանը՝ ներկայացնելով նաև Արցախի կրթական խնդիրները։

 

Օրվա ավարտին «Բիզնես» և «Գյուղատնտեսություն» ոլորտների ներկայացուցիչները հանդիպեցին Արցախի գործարար շրջանակի հետ։ Քննարկեցին հետպատերազմական Արցախում տնտեսության ու գյուղատնտեսության առջև ծառացած խնդիրներն ու որոշեցին համատեղ աշխատանքները համակարգող մարմին ստեղծել։

239596551_301021398462094_6495450896649266915_n.jpg