Գետիկի  բնակավայրերը․ Այց Գեղարքունիք

Հանգստյան օրերին Տավուշում ու Գեղարքունիքում էինք։ Այցելեցինք Աղավնավանք, Ձորավանք  ու Դպրաբակ գյուղեր, հանդիպեցինք բնակիչների հետ, ծանոթացանք խնդիրներին։

 

Չնաշխարհիկ բնությունը շատ խնդիրներ է թաքցնում, որոնցից գլխավորը, այստեղ էլ, դարձյալ ոռոգման ջուրն է։ Այս գյուղերում ջրի պաշարը սուղ չէ․ գետ կա, ջրագիծ չկա, բայց խնդրի հիմնական մասը ջրի պաշարի սխալ գործածման արդյունք է։

 

Գյուղերը պատահական չէինք ընտրել։

 

58 կմ է ձգվում Գետիկ գետը, սկիզբ  առնում Սևանի լեռներից, Գեղարքունիքից հասնում Տավուշ: Հենց այդ ճանապարհին էլ Աղավնավանք, Ձորավանք ու Դպրաբակ գյուղերն են: Հայկական այս գյուղերն ունեն միևնույն անցյալը: Կար ժամանակ, երբ ադրբեջանցիներն էին ապրում մեր երկրի այդ հատվածում  և Աղավնավանքը  կոչում էին «Սալահ», Ձորավանքը՝ «Ղարաղայա», իսկ Դպրաբակը՝ «Չակենդի»: 1950 թվականին Աղավնավանքում բնակվում էին ադրբեջանցիները, բայց բնակավայրի միջնադարյան եկեղեցիները վկայում էին, որ գյուղը հայկական է։ Միայն 1988 թվականին գյուղը վերադարձվեց  իրական տերերին  ու Աղավնավանքը  սկսեց  հայերեն շնչել: Որոշեցին համագյուղական մկրտության կարգ կատարել. հրավիրյալ քահանան էլ եկավ ու մկրտեց բոլորին:

 

Շատ են Աղավնավանքի հոգսերը, իսկ առաջնայինը՝ ոռոգման ջրի խնդիրն է: Գետ կա, ջրագիծ չկա: Հողատերերը, որոնց հողամասերը Գետիկի  ափամերձ շրջանում են, բախտավոր են, մյուսները ջրի երես չեն տեսնում: Սպասում են մայրաքաղաքից մարդիկ գան, լուծեն իրենց խնդիրը: Բայց  Երևանից  միայն զբոսաշրջիկներն են այցելում Աղավնավանք ու  հարակից  գյուղեր՝ հիանալով Գետիկ գետի ավազանի հիասքանչ բնությամբ:

 

Քարտեզի վրա Ձորավանք գուղը կիսված է Գեղարքունիքի ու Տավուշի մարզերի միջև: Ասում են, թե գյուղը դարպաս է երկու մարզերի միջև։ Դրախտ է Ձորավանքը, բայց իր հրաշք բնությունը ձորավանքցին չի կարողանում ճիշտ օգտագործել: Նախընտրում են արտերկի մեկնել։ 

 

Դպրաբակը Գետիկի ափամերձ գյուղերից երրորդն է: Խորհրդային տարիներին թշնամին ապրում  էր նաև այստեղ ու հայկական գյուղն անվանում  «Չակենդի»: Միայն 1991 թվականին հնարավոր եղավ գյուղը վերանվանել  ու բնակեցնել հայերով: Նույն խնդիրներն ունի Դպրաբակը, ինչ հարևան Աղավնավանքն ու Ձորավանքը: