Genesis Armenia-ի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Արցախի «Գրեյթ Փարթներս» ՓԲԸ

Genesis Armenia ուղեղային կենտրոն հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սամվել Վարդանյանը և իրականացվող ծրագրերի պատասխանատուներն Արցախ կատարած երկօրյա այցի ընթացքում հանդիպել են Արցախում տեքստիլ արտադրության ոլորտում ամենախոշոր՝ «Գրեյթ Փարթներս» ՓԲԸ-ի (Great Partners Company) տնօրեն Սերգեյ Մելքումյանի հետ: Սամվել Վարդանյանը և Սերգեյ Մելքումյանը քննարկել են հետպատերազմյան Արցախի գործարար աշխարհի խնդիրները, կիսվել փորձով և ուրվագծել այն ճանապարհային քարտեզը, որով հնարավոր կլինի վերականգնել երկրի տնտեսությունը։

Հայաստանում և Ռուսաստանում նշանակալի բիզնես հաջողություններ գրանցած Սամվել Վարդանյանի խոսքով՝ «Գրեյթ Փարթներս» ընկերության աշխատանքային կարգապահությունն ու պրոֆեսիոնալիզմը պետք է օրինակելի լինեն հայկական բիզնեսի համար։ «Genesis Armenia-ն Արցախում և Հայաստանում իր կրթական ու բիզնես ծրագրերն իրականացնում է հենց այդ տրամաբանությամբ»,-նշել է Վարդանյանը:

«Գրեյթ Փարթներս» ընկերությունը սպասարկում է միջազգային միջին սեգմենտի բրենդների պատվերները: Genesis Armenia-ի ներկայացուցիչները շրջել են կարի արտադրամասում, ծանոթացել աշխատանքի առանձնահատկություններին և ստացել իրենց հարցերի պատասխանները:

Ինչպես գիտեք, առաջիկայում Մարտունիում կարի արտադրամաս ենք հիմնելու։ «Գրեյթ Փարթներս»-ի հյուրընկալությունը լավագույն խորհրդատվական աջակցությունն էր: Ընկերության տնօրենը մանրամասն ներկայացրել է արտադրության ցիկլը՝ կարի մեքենաների ձեռքբերումից մինչև արտադրանքի սպառում։

Սերգեյ Մելքումյանը նաև պատրաստակամություն է հայտնել ընկերության հմուտ մասնագետների գործնական գիտելիքները փոխանցել Մարտունիում իրականացվելիք ծրագրի շահառուներին։

17c51a5e-4d61-438a-8729-ecf114073fce.jfif