Մենք առաջ չենք շարժվելու այնքան ժամանակ, քանի դեռ յուրաքանչյուրն իր միջից չի հանել կարեկցանքի, աղետի ու խղճահարության  տրամաբանությունը․ Նարեկ Աջամյան

«Դեկտեմբերի 7-ը վաղուց պետք է կոչվեր վերակառուցման ու վերականգնման օր»:

 

«Հզոր և հաղթող պետության հիմքում կրթությունն է և ամուր ընտանիքը»։


«Երեխաներս դեռ շատ փոքր են, բայց ուզում եմ, որ հենց այս տարիքից հասկանան, թե ինչ է հայրենիքը, և ինչ պետք է անենք՝ ավելի հզոր Հայաստան ունենալու համար»:

 

 

«Genesis Armenia»-ի «Տնտեսություն և բիզնես» ոլորտի ղեկավար Նարեկ Աջամյանը ծնունդով Սպիտակից է: Նա մեկ տարեկան էր, երբ տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժը, որը հաշված րոպեների ընթացքում հողին հավասարեցրեց գյուղեր ու քաղաքներ, խլեց տասնյակ հազարավոր մարդկանց կյանքեր, մեկընդմիշտ փոխեց ճակատագրեր ու մեր բառապաշարում դրոշմեց «աղետի գոտի» բառակապակցությունը:

 

«Ես ընդամենը մեկ տարեկան էի, երբ տեղի ունեցավ երկրաշարժն ու, բնականաբար, ոչինչ չեմ հասկացել: Բայց ծնողներիս ու հարզատներիս պատմություններն եմ հիշում: Ու, ի տարբերություն շատ շատերի, երբեք թույլ չեմ տվել, որ «աղետի գոտի»-ն բառապաշարումս արմատավորվի կամ որևէ մեկը մեզ խղճա: Հակառակը` եղածը որպես փաստ եմ ընդունել, կրթվել եմ, կայացել, արարել ու գործել։ Ու այդպես պետք է անի յուրաքանչյուրը»:

 

Նարեկը պատմում է, որ անգամ վագոն-տնակում կարողանում էին երջանկություն գտնել։ «Կյանքիս ամենավառ ու երջանիկ պահերից շատերը հենց վագոն-տնակում ապրելու  տարիների հետ են կապված։ Ես շատ վաղուց եմ  հաղթահարել  աղետի գոտում  ծնված ու մեծացած մարդու բարդույթը․ կարծում եմ` նման բարդույթ չեմ էլ ունեցել ու  միշտ առաջ եմ  շարժվել:  Իմ կազմած ընտանիքն էլ դրա վառ ապացույցն է: Կինս ամեն տարի`դեկտեմբերի 7-ին, ինձ  հիշեցնում է, որ  պետք է  հաջորդ  դեկտեմբերի 7-ին  մի քայլ առաջ գնացած լինեմ  ու  հենց  իմ օրինակով սպիտակցիներին ապացուցեմ, որ ամեն բան մարդուց է կախված,  ու միայն աշխատանքով կարող ես արդյունքի հասնել»:   
 

 

Հաղթահարել եք ու առաջ շարժվել, բայց, այնուամենայնիվ, կայացման փուլում «աղետի գոտի» բառակապակցությունը շա՞տ է խոչընդոտել:

 

Ինձ`ոչ, որովհետև ես այդ բառակապակցությունից կախվածության մեջ չեմ եղել ու չեմ փորձել դրա «շնորհիվ» որևէ բանի հասնել:

Բայց այն շատ խոչընդոտներ է առաջացնում  երկրաշարժի հետևանքով տուժած քաղաքների ու գյուղերի բնակչության համար:   Մարդիկ փորձում են խղճահարություն առաջացնել դրանով  և  մշտապես  օգնության ձեռքից կախված լինել: Այս բառակապակցությունը պետք էր  մեկ-երկու տարի անց վերացնել ու,  օրինակ, «վերակառուցվող քաղաքներ»  գաղափարով   շարունակել ապրել ու աշխատել:  Այդպես մարդկանց հոգեբանությունը կփոխվեր, կկարողանային առաջ նայել ու շարժվել՝ չհանձնվելով, ստեղծելով, աշխատելով, արարելով։

 

Բացթողումներն  այստեղ շատ են:  Մարդիկ ավելի քան 30 տարի  միայն օգնության են սպասում, դրան են սովոր: Բոլորն ակնկալում են, որ իրենց պետք է օգնեն, իրենց փոխարեն կյանք կառուցեն,  որովհետև իրենք երկրաշարժ են տեսել: Արդյունքում՝ մարդիկ մեծամասամբ  չեն   աշխատում, սպասում են նվիրաբերության` լինի դա տան, հողի, թե գումարի տեսքով: Ահա այսպես մարդիկ սովորեցին կարեկցանքից կախվածութան մեջ ապրելուն: Սա էլ իր հերթին հանգեցրեց նրան, որ մարդիկ այլևս չցանկացան կրթվել ու վերականգնվել։

 

 

Ի՞նչ անել՝ վերքերը բուժելու, ապաքինվելու և մտածելակերպ փոխելու համար:   

 

 

Նախևառաջ  սովորեցնել մարդկանց, որ ուղղակի օգնություն այլևս չի լինելու: Պետք է աշխատես, որ հոգաս քո ու ընտանիքիդ կարիքները: Ինքդ պիտի ապրուստդ վաստակես: Ու ընտանիքիդ հիմքով  նաև  քաղաքդ ու երկիրդ շենացնես:  Բայց այս գիտակցությանը գալու համար  աղետի գոտու բնակիչներին  պետք է կրթել ու սովորեցնել:  Նրանք պետք է  տեսնեն, որ սեփական ուժերով ու գիտելիքով կարող են քաղաքներ վերակառուցել ու բարեկեցիկ կյանք ստեղծել:  Մարդկանց գիտակցությունը պետք է փոխել,  ու դա պետք է անել  առաջին հերթին կրթության միջոցով:   

 

Մենք առաջ չենք շարժվելու այնքան ժամանակ, քանի դեռ յուրաքանչյուրն իր միջից չի հանել կարեկցանքի, աղետի ու խղճահարության  տրամաբանությունը: Դեկտեմբերի 7-ը վաղուց  պետք է կոչվեր վերակառուցման ու վերականգնման օր: Այո՛,  սա սգի  օր է, ոչինչ ու ոչ ոք երբեք չի մոռացվի, բայց հենց դա էլ պիտի առաջ մղի,  որ սկսենք  արարել ու կառուցել: Ամեն տարի այդ օրը պետք է հաշվետու լինենք, թե ինչ արվեց մեկ  տարվա ընթացքում,  ինչ վերականգնվեց, ինչ փոխվեց, ինչ քայլերով առաջ գնացինք:  Մարդիկ այս քաղաքներում պետք է սեփական  մաշկի ու կյանքի  որակի վրա զգան  փոփոխությունը:  Նոր սերունդը  կյանքին մի քիչ այլ աչքերով է նայում, իհարկե, բայց հետո շրջվում է, տեսնում քաղաքի մեծերին, լսում «աղետի գոտի», վարակվում դրանով,  ու  նորից սայլը  տեղից  չի  շարժվում: Պետք է մոտեցումները փոխվեն, ու  կարծում եմ`  համախմբելով ու  կրթվելով շատ բան կփոխենք: 

 

 

Genesis Armenia-ում եք ընտանիքով, որովհետև …

 

Ոչ միայն Սպիտակի ու Գյումրու կամ մեկ ուրիշ քաղաքի, այլև ամբողջ հայության և Հայաստանի փրկությունը տեսնում եմ  հենց այն ծրագրերի մեջ, որոնց իրականացմանն է լծված  Genesis Armenia-ն: Այդ է պատճառը, որ առանց  վարանելու ամբողջ ընտանիքով միացանք նախաձեռնությանը հենց  առաջին օրից: Ես փորձում եմ գիտելիքս,  հմտություններս ու կարողություններս ներդնել,  որպեսզի մեծացնենք երկիրը շենացնելու գործի մասշտաբն ու աշխարհագրությունը։

Նույնն անում է նաև կինս: Ու չնայած երեխաներս դեռ շատ փոքր են, բայց ուզում եմ, որ  հենց այս տարիքից հասկանան, թե ինչ է  հայրենիքը,  և ինչ պետք է անենք՝ ավելի հզոր Հայաստան ունենալու համար: Այնպես որ նրանք ևս Genesis Armenia-ում են:

 

Իսկ հզոր և ամուր  Հայաստանի համար պետք  է…

 

Հզոր և հաղթող պետության  հիմքում կրթությունն է և ամուր ընտանիքը:  Միայն գիտությունն ու կրթությունը կարող   են  մեզ հանել այս իրավիճակից, որում հայտնվել ենք:  Միայն այդպես կկերտենք    հզոր և ամուր  Հայաստան:  Մենք անընդհատ ապացուցում ենք,  որ աշխարհը ղեկավարում են  խելացի մարդիկ, որոնք մի քանի քայլ առաջ են տեսնում ու մտածում: Հետևաբար մեր երկրի հզորացումն ու կայուն ապագան բացառապես խելացի սերունդ ունենալու մեջ է: Այդպես  կազատվենք  թե՛ «աղետի գոտու» բարդույթից,  թե՛  կհաղթենք  մեզ բաժին ընկած արհավիրքներին և ավելի կայուն հայրենիք  կժառանգենք մեր սերունդներին:

a2a364db-881f-42b9-90c3-cb78fb4a9f5a.jfif