Genesis Armenia-ն հյուրընկալվել է Մարտունու «Ես» կրթական հիմնադրամում

Genesis Armenia-ի արցախյան ծրագրերի առանցքում տնտեսական և կրթական բաղադրիչներն են։ Այս անգամ ևս հյուրընկալվեցինք Մարտունու «Ես» կրթական հիմնադրամում։

Հիմնադրամի նոր շահառուների հետ առաջին անգամ էինք հանդիպում։ Նրանք դեռ նոր են «Ես»-ի ընտանիքի անդամ դարձել, այս պահին «Բացահայտում» փուլում են, որպեսզի հասկանան, թե հիմնադրամի 4 ծրագրերից որին են մասնակցելու։ Ռոբոտաշինություն, դիզայն, մարքեթինգ և ծրագրավորում՝ սրանք են այն ոլորտները, որոնցում պետք է հմտանան պատանիները։ Մեր հանդիպման ընթացքում պարզ դարձավ, որ ինչպես նախորդ անգամ, հիմա ևս ծրագրավորողների խումբն ամենամեծն է լինելու։

Ի դեպ, երիտասարդներից երեքն արդեն օնլայն հարթակ են ստեղծել, որով Մարտունիում հնարավոր է լինելու օնլայն վաճառք իրականացնել, այսինքն՝ վաճառողի և գնորդի կապն են ապահովելու։ Տղաները խոստացան, որ մեր հաջորդ այցի ժամանակ կայքն արդեն ավելի շոշափելի տեսք կունենա, և մենք էլ կկարողանանք Արցախից որևէ բան գնել հենց այդ կայքի միջոցով։

«Ես»-ի նախորդ խմբի ուսանողներին այս անգամ չհանդիպեցինք, բայց նրանց հետ աշխատանքը շարունակում ենք։ Genesis Armenia-ի կամավորական համայնքի անդամ, կրթաբան, անգլերենի մասնագետ Թորգոմ Տեր-Մկրտչյանը հենց այդ խմբի ուսանողների հետ է անվճար TOEFL պարապում։ Ի դեպ, Արցախում պատահաբար հանդիպեցինք ուսանողներից մեկին․ մեր հաջորդ գրառումներում կպատմենք նաև այդ հանդիպման մասին։
 
Արցախի մտավոր ներուժը պե՛տք է մնա Արցախում․ նորից համոզվեցինք, որ մնալու է․ պատանիները համոզեցին։

dac06f69-ed26-472e-9848-64b1f677ab66.jfif