Նոր աշխատատեղեր`Արցախում․ Genesis Armenia-ի օժանդակությամբ հավաբուծարան է բացվել

 

13 ապրիլի, 2022
Մարտունի, Արցախ

Արցախի Մարտունի քաղաքում բացվել է հավաբուծարան, որի կառուցման աշխատանքները մեկնարկել էին այս տարվա մարտին։ Բիզնես ծրագրի բյուջեն կազմել է 7 միլիոն դրամ։


«Genesis Armenia-ն Արցախի թիկունքին է, Արցախի անվտանգությունն ու զարգացումը նրա գաղափարախոսության գլխավոր հենասյուներից են: Մենք բարեգործությամբ չենք զբաղվում. մեր հայրենակիցներին տալիս ենք կրթություն, փորձ, հմտություններ, ստեղծում ենք աշխատատեղեր ու արդյունավետ աշխատանքի միջավայր։ Նախատեսում ենք՝ այս թռչնաբուծարանի ստացված շահույթով Արցախում նմանօրինակ մի քանի ծրագիր իրագործել»,-նշեց Genesis Armenia ուղեղային կենտրոն/հիմնադրամի տնօրեն Աբրահամ Գասպարյանը։


Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սամվել Վարդանյանը համոզված է, որ բոլոր ծրագրերի հիմքում պետք է լինի նոր աշխատատեղերի ստեղծումը։

«Genesis Armenia-ն առաջիկայում իրականցնելու է ծրագրեր գյուղատնտեսության, այգեգործության ոլորտում, որոնց նպատակը նույնն է՝ ստեղծել նոր աշխատատեղեր, որպեսզի արցախցին մնա Արցախում, աշխատի Արցախում և վստահ լինի, որ իր թիկունքն ամուր է»,- նշեց Վարդանյանը։


Հավաբուծարանի տարածքը տնամերձ է, շահառուի՝ Պավել Ավագյանի տան բակում է կառուցվել։ Աշխատանքը, որն սկսվել է զրոյից, տևել է մեկ ամիս։ Հավաբուծարանում այս պահին կա մոտ 700 հավ և ճուտ։ Նախնական հաշվարկով՝ առաջիկա ամիսներին ճտերի քանակը կավելանա 1200-ից 1500-ով։


«Իրացման խնդիր չունենք. Genesis Armenia-ի օգնությամբ ու մասնագետների խորհուրդներով` հստակ պատկերացնում ենք աշխատանքի հետագա ընթացքն ու զարգացումը։ Շատ կարևոր է, որ այսպիսի ծրագրեր շատ լինեն։ Հիմա արցախցուն աշխատանք է պետք, որպեսզի մնա այստեղ և չմտածի գնալու մասին»,- ասաց ծրագրի շահառու Պավել Ավագյանը:


Նորաբաց հավաբուծարանն աշխատանքով է ապահովել 6 մարտունեցու։ Genesis Armenia-ն մտադիր է ընդլայնել ծրագիրն ու ավելացնել նոր աշխատատեղեր։

100a7a93-1a9d-40fe-b56e-e1c641e8be63.jfif