Անվճար կրթություն և աշխատատեղ վիրավոր զինվորների համար 

Genesis Armenia-ի համար առաջնային են հայկական զույգ պետությունների անվտանգությունն ու հանրության կրթական մակարդակը: Այդ պատճառով այս ծրագրի շահառուն հանդիսանում է ՀՀ ԶՈՒ ժամկետային կամ պայմանագրային զինծառայողը (10-15 անձ՝ ըստ հանգանակված գումարի չափի), որը հաշմանդամություն է ձեռք բերել 2020 թ. պատերազմական գործողություններում:
Պատերազմում հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողը հաշմանդամության պատճառով չպետք է դուրս մնա կրթական ծրագրերից ու զրկվի աշխատելու հնարավորությունից։

Նպատակն է` վերջին պատերազմական գործողություններում հաշմանդամություն ձեռք բերած զինվորների համար կազմակերպել կրթական ոչ ֆորմալ դասընթաց (ծրագրավորում)։ 

1. Կստեղծվի ինքնուրույն գումար վաստակելու հնարավորություն
2. Ստացված գիտելիքների հիման վրա ներգրավվել ռազմական նշանակության պրոյեկտներում:


  Հանգանակված գումարն ամբողջությամբ հատկացվելու է ֆորմալ (բակալավրիատի կամ մագիստրոսական կրթական ծրագրերով) կամ ոչ ֆորմալ կրթական ծրագրով սովորել ցանկացող շահառուին: Ուսումնառության ընթացքում շահառուն հնարավորություն կունենա օգտվել նաև օտարերկրյա առաջատար բուհերի կամ գիտատեխնիկական կենտրոնների կրթական օնլայն ծրագրերից։

  Ծրագիրն իրականացնելու համար անհրաժեշտ է 30 մլն դրամ, որից 15 մլն-ն արդեն հավաքվել է դրամահավաքի միջոցով։

Կիբերանվտանգության մասնագետների դեսանտ

Հայաստանին ու Արցախին անհրաժեշտ են՝ ժամանակակից, տեխնոլոգիական խելացի լուծումներով առաջնորդվող ինստիտուտներ: Վերջին պատերազմն ապացուցեց, որ թշնամին երկար տարիներ աշխատել ու ստեղծել է ռազմաքաղաքական ստրատեգիաներ մշակողների ու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի լուրջ մասնագետներ, որոնք կարողացան հաջողություններ գրանցել՝ թափանցելով ու խորտակելով հայկական տիրույթի տարբեր շերտեր: 

Genesis Armenia-ն ստեղծում է կիբերանվտանգության հայկական դեսանտ, որն ունակ կլինի իրականացնել համապատասխան գործողություններ տեղեկատվական անվտանգության տիրույթում՝ թշնամու հարձակումներին դիմադրելուց մինչև դրանց վնասազերծումն ու հակահարձակումը:

Հանգանակված գումարն ամբողջությամբ հատկացվելու է տեխնիկական ռեսուրսների ձեռք բերմանն ու մասնագետների վերապատրաստմանը։

Ծրագիրն իրականացնելու համար անհրաժեշտ է 30 մլն դրամ։
 

Բնագիտական առարկաների ուսուցման օնլայն հարթակ

Հայաստանի ու Արցախի սահմանամերձ հանրակրթական դպրոցներում բնագիտական առարկաներ կամ չեն դասավանդվում, կամ էլ որակավորված ուսուցիչներ չկան։ Արցախի Մարտունու շրջանում, օրինակ, կա 16 գյուղ, որոնց 8-11 դասարանի աշակերտները դպրոցում չեն սովորում քիմիա, կենսաբանություն, որոշ դեպքերում՝ նաև ֆիզիկա: Հետպատերազմյան այս մեկ տարում խնդիրն ավելի է սրվել, քանի որ երիտասարդ մասնագետները հրաժարվում են աշխատել սահմանային կրթօջախներում: Սա ու կրթական ժամանակակից ծրագրերի բացակայությունը լրջագույն ռիսկեր են ստեղծում երկրի համար՝ ունենալու ենք թերուս, տեխնոլոգիական առաջընթացի գիտակրթական հիմքերին անծանոթ սերունդ։
Առաջարկում ենք ստեղծել օնլայն կրթական հարթակ (առաջին ծրագիրն իրականացնել Արցախում), որտեղ հասանելի կլինի բնագիտական առարկաների մուլտիմեդիա վիրտուալ դասընթացաշար։ Նախատեսում ենք ուսուցումը կազմակերպել ինտերակտիվ գործիքակազմով՝  կրթական միջազգային արդի մեթոդների կիրառմամբ։ Հարթակն աշակերտին և ուսուցչին հնարավորություն կտա գիտելիք ձեռք բերել, հաղորդակցվել, ինֆորմացիա փոխանակել, փորձը կիսել, կազմակերպել ֆորումներ, գիտական մտագրոհներ,  օլիմպիադաներ ու մրցույթներ, կենտրոնացված քննություններ։ Այն էականորեն կբարձրացնի հանրակրթական դպրոցների կրթական գործընթացի մակարդակը, կկատարելագործի ուսուցչի և աշակերտի հմտությունները, դպրոցից հեռու գյուղաբնակներին էլ հնարավորություն կտա դասը յուրացնել առցանց:   
  Այսպիսով, մենք կլրացնենք ուսուցչի բացը, կապահովենք կրթության հավասարությունն ու շարունակականությունը, կունենանք սերունդ, որը կրթություն կստանա ժամանակակից տեխնոլոգիաների պրոֆեսիոնալ հիմքով, կլինի մոտիվացված, մասնագիտություն ընտրելիս էլ՝ կողմնորոշված։   
Ծրագիրն իրականացնելու համար անհրաժեշտ է 20 մլն դրամ։