Հայրենիքից չեն նեղանում, չեն հիասթափվում, ոչ էլ  Սփյուռքից տարին մեկ անգամ գալով ու  այստեղ  մի քանի օր զբոսնելով են պահում այդ հայրենիքը․ Թորգոմ Տեր-Մկրտչյանի հարցազրույցը Genesis Armenia-ին

«Ինչո՞վ հաղթենք պատերազմում… ստորացված ուսուցչո՞վ, թե՞ կրթության արժեքը չիմացող և դպրոցն ատող աշակերտով»։ 

«Սեփական տարածքի հանդեպ խոր անտարբերությունը բնաջնջում է մեզ»։

«Պատերազմից հետո պիտի տագնապ ունենանք, որը մեզ կարթնանցի ու կմղի աշխատանքի։ Նաև հոգատար լինենք՝   թեկուզ վերջին ուժերը լարելով»:

«Հայաստանը աշխարհի համար մեկ նախանձելի երկիրը կարող ենք դարձնել: Միայն թե ցանկանանք ու գործենք, ոչ թե խոսենք»։

 

«Մանկավարժությունը ստեղծագործական աշխատանքն է», -ասում է կրթաբան, անգլերենի մասնագետ Թորգոմ Տեր-Մկրտչյանը, որը միացել է Genesis Armenia-ի մասնագիտական համայնքին և Արցախի Մարտունու շրջանի երիտասարդների հետ անվճար անգլերեն (TOEFL) է պարապում։ 

Ու հետո ավելացնում է. «Բայց շատ կարևոր է, որ ճանապահիդ հանդիպի մարդ, որը քեզ կսովորեցնի այդ արվեստը: Մանկավարժը պետք է տեսնի աշակերտի պոտենցիալը, աշխատի մարդու հոգու հետ, բացահայտի նրա  տաղանդն ու ծառայեցնի ի սպաս հայրենիքի: Այդ ժամանակ կհաջողենք ու կհաղթենք»:

Կրթության միջոցով ու դրա շնորհիվ մեզ նետված մարտահրավերները հաղթահարելու համար էլ կրթաբանը միացել է Genesis Armenia-ին: 

 

Ինչու՞ Genesis Armenia

 

2019 թվականին եկա Հայաստան ու այնքան լիահույս էի, որ կգտնեմ  մի կազմակերպություն  (մտքիս, իհարկե, պետական կառույցներն էին),  որ կցանկանան սփյուռքից եկած ներուժն  ի բարօրություն Հայաստանի օգտագործել: Ցավոք,   ապարդյուն: Պարզվեց, որ ներուժի կարիք չունենք:  Պատերազմից  հետո  ստեղծվեց Genesis Armenia համահայկական  շարժումը,  որն իսկապես  հենց  իմ  գաղափարների կրողն էր,  հենց  այն  էր, ինչ փնտրում էի: Շատերն են կարծում,  որ  հայրենիքին աջակցությունը  պետք է  ծանրոցի կամ գումարի տեսքով լինի:  Մինչդեռ դու չես կարող մարդուն սովորեցնել  ապրել, երբ նրան միայն ձուկ ես տալիս։ Դու   պետք է, նախ, նրան սովորեցնես այդ ձուկը բռնել:   Մենք  պետք է փոխենք  այդ հիվանդագին մտածելակերպը,  որ  մեր ազգին այս վիճակին հասցրեց: Genesis Armenia-ում սա լավ են  հասկանում, դրա համար  էլ ինձ համար մեծ պատիվ է հենց այս շարժմանը  միանալը: Իմ նպատակը կրթության  միջոցով  կյանքը բարելավելն է: Եթե կրթությունը չի  բարելավում մարդու կյանքը և այնուհետև շրջապատի, իսկ արդյունքում՝  հայրենիքի, ուրեմն անիմաստ են  այն դիպլոմներն ու կոչումները, որ ստանում է մարդը: Ես՝ որպես մանկավարժ, ասում եմ՝ կրթությունը  բացառիկ դեր ունի: Պետք է սկսենք  կրթությունից: Genesis Armenia-ում դա հասկանում են, հետևաբար ես այստեղ եմ ինձ օգտակար զգում: Ես կարող եմ Արցախի երեխաներին  օգնել, որ հասնեն արդյունքի, ես պատրաստ եմ դրան:  Այսպես պետք է մտածի յուրաքանչյուր հայ  աշխարհի  ցանկացած կետում:  Այն երկիրը,  որտեղ  չկա փոխադարձ հոգատարություն, ձախողում է:  Հիմա մեր երկիրը  դրան են տանում, պետք է դեմ դուրս գանք այս ազգակործան  նկրտումներին: 

 

Որո՞նք են մեր ամենամեծ բացթողումներն այս ոլորտում

 

Կրթության դերը  միշտ  անտեսվել է և հաճախ միտումնավոր նսեմացվել․ չգիտես՝  ինչու,  մանկավարժը  միշտ ուշադրության կենտրոնից դուրս է մնում, նրա նկատմամբ  չկա արժանի վերաբերմունք: Սահմանամերձ գյուղերում  փոխանակ մտածեն՝ ինչպես  դպրոցի   նկատմամբ սեր սերմանեն,  փակում  և  ձուլում են դպրոցները:  Կրթության  դերն իջեցնելով՝  անում են ամեն բան,  որ  երեխան դեռ վաղ տարիքից մտածի, որ երբևէ կրթությամբ հարց չի լուծելու: Էլ այդ երեխան կուզի՞ սովորել: Բնականաբար՝ ոչ: Կրթությունը և կրթական համակարգը  փիլիսոփայություն են: Դրա ամեն մի օղակ  կարևոր է: Երբ  մանկավարժը հեղինակություն լինի, դասարան մտնող այդ ուսուցչից  կսովորեն,  հագուկապից սկսած մինչև  գիտելիք ու ճաշակ՝ ուսուցիչը պետք է օրինակ ծառայի:   Երբ  ուսուցիչը դառնա ամենացանկալի  մասնագիտություններից մեկը՝ թե՛  աշխատավարձով, թե՛ դերով ու հեղինակությամբ, ա՛յ այդ  ժամանակ գրեթե խնդիր չենք ունենա ճիշտ երկիր կառուցելու գործում:

 

Այս ամենի հիմքում

 

Հիմքում բացառապես անտարբերությունն է, վստահեցնում եմ՝ մեր խնդիրների  մեծ մասը  հենց  անտարբերությունից է գալիս: Երևանում նստած  մարդուն  չի անհանգստացնում, որ  մարզային  դպրոցներում  առարկա են  դասավանդում մարդիկ,  որոնք այդ առարկայից գաղափար չունեն։  Ուսուցիչը չպետք է մտնի դասարան ու խոսի մի  բանից,  ինչին հերիք չէ՝  չի հավատում, դեռ  մի բան էլ  առարկայից ոչինչ  չի հասկանում: Էլ չեմ ասում,  որ կան դպրոցներ, որտեղ ամբողջական առարկաներ են դասացուցակից հանվում, որովհետև դասավանդող ուսուցիչ չկա: Արտերկրում ես կրթության ոլորտում եմ աշխատում,  շատ եմ առնչվում տարբեր երկրների մասնագետների հետ ու գրեթե վստահ եմ, որ ոչ մի երկրում կրթության դերն այսքան անտեսված չէ, որքան Հայաստանում: Ցավոք, սա չափազանցություն չէ, այլ այն իրականությունն է, որում  բոլորս ապրում ենք:  

Այս կերպ մենք պատերազմ չենք հաղթի, ինչո՞վ հաղթենք… ստորացված ուսուցչո՞վ, թե՞ կրթության արժեքը չիմացող և դպրոցն ատող  աշակերտով: 

Չերչիլն ասում էր. «Վարչապետները  կերազեն ունենալ այնքան  հեղինակություն, որքան ունեն ուսուցիչները»: Մենք  պետք է ապրենք ա՛յ հենց  նման տրամաբանություն ունեցող երկրում:  Այդ ժամանակ մեզ չեն հաղթի: Հավատացե՛ք:

 

Գիտելիքահեն հասարակությունում ապրելու հույսեր կա՞ն

 

Կա, գիտե՞ք՝ ինչու, որովհետև ես՝ որպես մանկավարժ, համոզվել եմ, որ կան դեռ ծիլեր  այս սերնդի մեջ, որոնք ինձնից առաջ  կանցնեն:  Ես Genesis Armenia-ի շնորհիվ  արցախցի երեխաներին նախապատրաստում եմ անգլերենի քննության, սովորում ենք  քեմբրիջյան դասագրքերով, որտեղ հաճախ, որպես օրինակ, Թուրքիան է հիշատակվում։ Երեխաները, առանց  իմ ասելու,  տեքստը թարգմանելիս «Թուրքիան» փոխարինում են «Հայաստանով»:  Հենց այդ ժամանակ հասկացա, որ  այո՛, նրանք ինձնից ավելի խելացի են ու անցնելու են ինձնից առաջ:  Սա էլ ապացույցն է, որ հաջողելու ենք և հաղթելու: Մանկավարժը պետք է երջանիկ լինի, որ իր ուսանողը կամ  աշակերտը  իրեն  գերազանցնում է, այլ ոչ թե մրցի  կամ հակառակը՝ ձգտի նրան նսեմացնել:  Հենց  տեսնես,  որ աշակերտդ քեզ գերազանցեց,  իմացի՛ր՝ առաջին հաղթանակն ունես:

 

5 տարի հետո ինչպիսի՞ Հայաստանում կապրենք, եթե հիմա խոր հիասթափության թմբիրում ենք:  

 

Հայրենիքը տարածք չէ, սա էներգիա է, հայրենիքից չեն նեղանում, չեն հիասթափվում, ոչ էլ Սփյուռքից տարին մեկ անգամ գալով ու  այստեղ  մի քանի օր զբոսնելով են պահում այդ հայրենիքը։ Հայրենիքի  հանդեպ հոգատար պետք է լինենք, որ պահենք, ունենանք տեղ,  ուր գալու ենք ու զբոսնենք:

Եթե թշնամին մտնում է Սյունիք, իսկ մենք Երևանում հանգիստ նստած սրճում ենք,  վաղն էլ Կոմիտասի բնակիչը  չի անհանգստանա,  քանի դեռ Նորագավիթում է թշնամին: Սա գրոտեսկ չէ,  սա այն  է,  ինչը  4 տարի առաջ սարսափելի երազում չէինք տեսնի, իսկ հիմա մեր իրականությունն է:  Սեփական տարածքի հանդեպ խոր անտարբերությունը  բնաջնջում  է մեզ:  Տասը միլիոն ենք, մի՞թե 1 տոկոսին չի անհանգսատցնում կործանվող Հայաստանը:

Մենք ընդամենը ցանկություն պետք է ունենանք: Ես հասկանում եմ` տասնամյակներ շարունակ մեզ կոտրել են ու հիասթափեցրել սեփական երկրի ներսում, բայց հայրենիքը մեղավո՞ր է արդյոք:

Հայաստանը աշխարհում համար մեկ նախանձելի երկիրը կարող ենք դարձնել: Միայն թե ցանկանանք ու գործենք, ոչ թե խոսենք: Պատերազմից հետո պիտի տագնապ ունենանք, որը մեզ կարթնանցի ու կմղի աշխատանքի։ Նաև հոգատար լինենք՝   թեկուզ վերջին ուժերը լարելով:

Անկախությունը բացարձակ արժեք է, միայն դրա գինը գիտակցելով՝  կպահենք  ու կհաջողենք: Այդ  ժամանակ և՛ կպահենք այն, ինչ մերն է,  և՛  բռունցքն աշխարհի  սեղանին խփելու իրավունք  կունենանք:

1d8d59fb-3ed6-4db2-8162-8b5b691ecd68.jfif