«Աղավնոն Արցախի դուռն է, իսկ եթե տանդ դուռը ջարդված է, տունդ էլ կավերեն»․ Աղավնոյի համայնքապետ Անդրանիկ Չաուշյան

Արցախի Հագարի գետի ափին սփռված Քաշաթաղի շրջանի ռազմավարական ու կենսական նշանակության Աղավնո գյուղ արդեն 170 մարդ է վերադարձել պատերազմից հետո:

Աղավնո համայնքի ղեկավար Անդրանիկ Չաուշյանը պատմում է, որ արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով ավերվել էր գյուղի դպրոցը, շենք-շինություններ: Հիմա բարերարների ջանքերով դպրոցը վերանորոգվել է, կահավորվել է դահլիճը: Աղավնոն, կարծես, իր նախկին տեսքին է վերադառնում:

Համայնքապետի խոսքով՝ լուծվել է խմելու ջրի, էլեկտրաէներգիայի հարցը, բուժկետն է վերանորոգվել ու զինվել անհրաժեշտ պարագաներով: Տարրական կենցաղային պայմաններն են ապահովում, որ մարդիկ տուն դառնան։

Անդրանիկը պատմում է, որ թշնամին, հրետակոծելով իրենց համայնքը և ամեն գնով փորձելով ճեղքել Աղավնոյի պաշտպանությունը, մտադիր էր կտրել Արցախը մայր Հայաստանին կապող միակ պորտալարը: Բայց կանոնավոր բանակի հետ միասին մոտ 60 աշխարհազորայիններով մինչև վերջ պայքարեցին ու թույլ չտվեցին թշնամուն իրագործել նենգ նպատակը:

Համայնքի ղեկավարը հիշում է, որ պատերազմի ավարտից օրեր անց, երբ բանակը հետ քաշվեց, խուճապային տրամադրությունների ազդեցության տակ շատերը դուրս եկան գյուղից: Նույնիսկ խոսակցություններ ու շշուկներ կային, որ Աղավնոն նույնպես անցնելու է թշնամու տիրապետության տակ: «Աղավնոն Արցախի դուռն է, իսկ եթե տանդ դուռը ջարդված է, տունդ էլ կավերեն»,- ասում է Չաուշյանը:

Պատերազմի օրերին Աղավնոյում չկար արտաքին աշխարհի հետ որևէ կապ, չկային կենցաղային տարրական պայմաններ, բայց Չաուշյանն ու իր՝ մեկ տասնյակից էլ քիչ զինակից ընկերները որոշել էին՝ կյանքի գնով էլ լինի, տեր են կանգնելու իրենց հող ու ջրին, հետդարձի ճանապարհ չկա:

Այդպես արիաբար տեր կանգնեցին ու ամուր պահեցին հայկական զույգ պետությունների համար ռազմավարական նշանակություն ունեցող Աղավնոյի՝ այսօր արդեն Արիավանի սահմանները՝ ի լուր հայության հայտարարելով, որ անկախ դժվարություններից, չե՛ն ընկճվելու, համախմբվելո՛ւ են ու միասնական ջանքերով ոտքի են կանգնեցնելու հայրենիքը։