269130664_323453016456963_7889996871485709232_n.jpg
Թուրքիան ու Իսրայելը ընդդեմ Ռուսաստանի ու Իրանի. Ի՞նչ է կատարվում Մերձավոր և Միջին Արևելքում և ի՞նչ անդրադարձ կարող է դա ունենալ Հայաստանի վրա

     Քաթարը Ծոցի արաբական երկրներից միակն է, որը լոյալ է տարածաշրջանում Իրանի ռազմաքաղաքական ու անվտանգային դոմինանտությանը: Սա չի տեղավորվում Թել Ավիվի ռազմավարական շահերի մեջ, դրա համար էլ Քաթարի հարևան Բահրեյնից իսրայելական հետախուզական անօդաչուների տարափ է նկատվել Քաթարի երկնքում: Հասցեատերը Քաթարը չէ, այլ՝ Թեհրանն ու Վաշինգտոնը: Մերձավոր Արևելքում (Ծոցի շրջանում) ամերիկյան ամենամեծ ռազմաբազան Քաթարում է գտնվում: Չի բացառվում, որ այս քայլերով Իսրայելը լոբբինգ իրականացնի և ռազմաբազայի կենտրոնը Քաթարից տեղափոխի Իսրայել: Եթե այդպիսի որոշում կայացվի, Մեծ Մերձավոր Արևելքում կկատարվեն լուրջ փոփոխություններ՝ Իսրայելը կդառնա արաբական միապետություններում նախատեսվող խաղաղ իշխանափոխանցման երաշխավորն ու հակաիրանական կոալիցիան կունենա կենսունակության նոր դաշտ:

Իսրայելական անօդաչուների ինտենսիվ թռիչքները պատահական չեն: Այսօր նախատեսված է Իրանի նախագահի այցը Մոսկվա և ելույթը Պետդումայում: Չի բացառվում ռուս-իրանական հերթական բանակցություններում կոմպրոմիսի ձեռքբերումը՝ Իրանի դիրքերի մասնակի թուլացում Սիրիայում և Միջերկրականում, փոխարենը՝ ռուսական «միջուկային բանակցության» աջակցություն միջազգային ասպարեզում, Հարավային Կովկասում Թեհրանին վերապահված սահմանափակ գործողությունների դաշտի ընդլայնում (որպես հակակշիռ Թուրքիայի գործոնի): Զուգահեռաբար՝ Իսրայելն արագացնում է Միջերկրական ծովում Թուրքիան շրջանցող գազատարի կառուցումը (տե՛ս մեր գործընկեր՝ Փակագիծ Վերլուծական Հարթակ-ի ներկայացրած նյութը՝ https://m.facebook.com/story.php?story_fbid=323358963133035&id=100063768007697), և հակառակ ամերիկյան պաշտոնական ընդդիմությանը, փորձում է Թել Ավիվը դարձնել Մերձավոր Արևելքում Վաշինգտոնի ռազմական ու անվտանգային ներկայության գլխավոր կռվանը: Իսրայելն ամեն կերպ փորձում է տապալել Իրանի ու միջազգային հանրության միջուկային բանակցությունները, Թեհրանն ատամներով ու զգուշավորությամբ ձգտում այն հաջողել: Իրանում տեսնում են Իսրայելի քաղաքականության հեռանկարը և հավանաբար այդ իսկ պատճառով՝ մամուլ են սպրդում տարբեր տեղեկություններ, որ Թեհրանն ու Մոսկվան հնարավոր է կնքեն ռազմական դաշինք կամ սերտ գործակցություն ռազմական բնագավառում: Կստացվի, որ Թեհրանին հաջողվում է ԱՄՆ-ի հետ բանակցել, Չինաստանի հետ տրիլիոնների առևտուր անել, Պեկինի անվտանգային ու ռազմական աջակցությունն ունենալ (Իրան-Չինաստան կնքված երկարատև՝ 25-ամյա գործակցության պայմանագրով), Մոսկվայի հետ ունենալ բարձր մակարդակի ռազմաքաղաքական գործակցություն: Իրանի ռեգիոնալ դերակատարման սանձահարմանը, սահմանային հնարավոր անկայունությանը հնարավոր է ականատես լինենք Թուրքիայի միջոցով (Իսրայելից զատ): Թուրքական Բայրաքթարների ու իսրայելական դրոնների հերթական հետախուզական թռիչքին կարող ենք ականատես լինել Ծոցի արաբական երկրների երկնքում կամ էլ Իրանի հյուսիսում՝ Արցախի օկուպացված տարածքներում, Միջին Ասիայում՝ Իրանին սահմանակից պետություններում, հատկապես աֆղանական ճակատում, որտեղ գործողությունների համակարգումը ԱՄՆ-ն վստահեց Թուրքիային՝ անցած օգոստոսին իր զորքերն այնտեղից դուրս բերելուց հետո:

Աշխարհի բևեռացումն ավելի ակնհայտ է դառնում: Հայաստանը բանակցում է Թուրքիայի հետ: Թուրքիան մեծացնում է ազդեցությունը սուննիական աշխարհում, հետախուզական ու անվտանգային լրջագույն պայմանավորվածություններ ձեռք բերում իսլամական աշխարհի հետ, կարգավորում է խնդիրները Սաուդյան Արաբիայի, Եգիպտոսի հետ: Այս բոլոր գործընթացների համատեքստում պաշտոնական Երևանը պետք է կարողանա լուծել երկու խնդիր.

ա․ բազմակողմանի ինտենսիվ բանակցություններ (դիվանագիտական հարաբերությունների հաստատում, փոխադարձ ճանաչում) Մեծ Մերձավոր Արևելքի սուննիական երկու ախոյան մայրաքաղաքների՝ էլ-Ռիադի և Իսլամաբադի հետ, ինչը հնարավորություն կտա խուսանավելու Միջին Ասիայում սպասվող հակառուսական (Հայաստանն ընկալվում է որպես ռուսական արբանյակ) հնարավոր գործողություններից: ՀՀ և Արցախի ազգային-պետական շահն այս պահին ենթադրում է չգտնվել հակառուսական, հակաիրանական, հակաչինաստանյան գեոպոլիտիկ առանցքներում, նախագծերում: 4 տարի շարունակ առաջ եմ տարել արտաքին քաղաքականության ուղղահայաց վեկտորի՝ Մոսկվա-Երևան-Թեհրան առանցքի ձևավորման անհրաժեշտությունը, ինչին Ռուսաստանն ու Իրանն արդեն գնում են:

բ․ Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը պետք է շրջանցի Հայաստանը դարձնել իսլամական (պանիսլամական, պանթուրանական, պանթյուրքական) մոդիֆիկացված պրոյեկտների փորձադաշտ կամ միջանցք:

Սյունիքի «հաղթաթուղթը» չի կարելի անտեղի ու «էժան» օգտագործել: Սյունիքը, դիվանագիտական մտքի ու հնարավորությունների ճիշտ գեներացման դեպքում, Հարավային Կովկասում կարող է դառնալ քաղաքական Շիիզմի ու սուննիական աշխարհի արդյունավետ ու փոխշահավետ գործակցության տարածք (առավելագույնը՝ ճանապարհ՝ ինքնիշխան ՀՀ սահմաններում):

   Հեղինակ՝ քգթ, դոցենտ, «Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն/հիմնադրամի հիմնադիր տնօրեն Աբրահամ Գասպարյան