DSC_0831.JPG
«Չէի ուզի գնալ Աստծո մոտ  այն կասկածով,  որ մեր երեխաներին թողնում ենք  անապահով Հայաստան»

Genesis Armenia-ի «Բնապահպանություն» ոլորտի ղեկավար, WWF-ի Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարեն Մանվելյանի հետ  փորձել ենք գտնել կարևոր հարցերի  պատասխանները:

 

 

Ինչո՞ւ Genesis Armenia

Genesis Armenia-ն  ստեղծեց հնարավորություն հավաքվել պրոֆեսիոնալ ու սրտացավ մարդկանցով և ստեղծել ճիշտ ռազմավարություն: Պետք է մշակենք մեր  ռազմավարությունը, այն դարձնենք  հասարակության ու հատկապես պրոֆեսիոնալների քննարկման առարկա, որպեսզի հենց այդ ռազմավորւթյունը դառնա այն հենարանը, որի շնորհիվ  կգնանք առաջ: Ես տեսնում եմ Genesis Armenia-ում այդ ռեսուրսը: Եվ վստահ եմ, որ կհասնենք լավ արդյունքի:  Յուրաքանչյուր նպատակ ու ռազմավարություն պետք է դառնա ծրագիր, չմնա թղթին: Հետո այդ ծրագրերը կներկայացնենք համապատասխան մարդկանց ու կգտնենք դոնորներ, կսկսենք իրականացնել: Մենք ուրիշ ճանապարհ չունենք,  պիտի միավորվենք: Այս ամենն արվում է կամավոր սկզբունքով։ Թեև  շատ զբաղված եմ, բայց որպես հայ՝ պետք է անեմ ավելին: 

 

Երբևէ չեմ խոսել քաղաքականության մասին,  բայց կարծում եմ՝ ճիշտը խոսելու ժամանակն է․․․Գուցե բոլորիս մեղքն է՝ չենք պահանջել, որ մարդիկ իրենց  գործառույթն իրականացնեն նորմալ: Հիմա  պետք է  լինենք պահանջատեր:


 

Պատերազմի ու Genesis Armenia-ի կապը

44 օր շարունակ բոլորս վստահ էինք, որ ամեն բան լավ է:  Մի օրում պարզվեց, որ  այդքան օր ապրել ենք ապատեղեկատվության մեջ: Հիմա ունենք այն, ինչ ունենք: Այո՛, ընկճված ենք,  սթրեսի մեջ: Մարդկանց մի մասը վստահ է, որ պետք է մնալ ու փրկել երկիրը, մի մասը համոզված է, որ պետք է գնալ, երրորդ մասն էլ չի գտնում  որևէ ճանապարհ: Կարծում եմ՝ փրկությունը մեր ձեռքերում է: Հայաստան-Սփյուռք՝ մի  ամբողջություն է, որը պետք է միավորի ուժերն ու  նպատակները: Հենց այդ պատճառով էլ միացա Genesis Armenia-ին,   որ կենտրոնացնենք ուժերն ու գնանք  դեպի նպատակ:

 

 

Ինքնակազմակերպումը՝  որպես ստեղծված վիճակից ելք…

Ունեցել ենք  դեպքեր, երբ հասարակությունն ինքնակազմակերպվել է, սակայն ինձ համար դա  լուծում չէ, չպետք է ամեն բան թողնենք  հասարակության վրա։ Պետք է պետական մակարդակով  հստակ  ռազմավարություն մշակել, որով էլ մարդիկ կսկսեն  շարժվել առաջ:  Իհարկե, պետք է ամեն հայ իր լուման դնի, մի քիչ ավելի աշխատենք, ավելին  անենք,  ամեն բան նվիրենք  Հայաստանը կայունացնելու գործին: Բայց պետք է լինի նաև հստակ ճանապարհային քարտեզ: Այսինքն՝   ինքնակազմակերպողը պետք է  դառնա պետությունը: 

 

Genesis Armenia-ի «Բնապահպանություն» ոլորտի նպատակն ու տեսլականը

Ամբողջ կյանքում  միշտ արել եմ ամեն բան, որ մասնագիտական պարտքս տամ երկրիս:  Ավելի քան 20 տարի է` այս ոլորտում եմ,  բազմաթիվ ծրագրեր ենք  իրականացրել՝ ոլորտը Հայաստանում զարգացնելու համար: Բայց հիմա ունեմ մեղքի մեծ զգացում, որովհետև զբաղվել եմ բացառապես իմ ոլորտով և չեմ մասնակցել երկրին վերաբերող մնացած գործերին: Հիմա ոլորտային նպատակներիցս մեկը հենց  դա է, մասնագիտականը չանտեսելով`  մասնակցել երկրին վերաբերող բոլոր կարևոր գործերին ու անել ամեն բան՝ երկիրը կայունացնելու և ամրապդնելու համար:

 

 

Երազանքի  երկիր՝ Հայաստան…

Չէի ուզի Աստծո մոտ գնալ այն կասկածով,  որ մեր երեխաներին թողնում ենք  անապահով Հայաստան: Ուզում եմ տեսնել հզոր, պաշտպանված երկիր՝   ռազմավարական գործընկերներով, տնտեսապես՝ ամուր,  բնապահպանական առումով՝  կանաչ ու առողջ,   համայքններն ու գյուղերը՝ գեղեցիկ,  մարդիկ՝   սոցիալապես ապահովված: Սա է երազանքի  Հայաստանը: Պետք է անենք ամեն բան դրան հասնելու համար, պետք է անենք բոլորս միասին ու համատեղ՝  Հայաստանում  ու Սփյուռքում:  

 

 

Ազգային արժեքի բանաձև

Ազգային արժեքի բանաձևի հիմքում բացառապես  սերն է՝  սերը դեպի քո ազգը, քո հայրենիքը,  գործը: Եթե չես սիրում ազգայինը,  չես սիրում ոչինչ և ոչ ոքի: Իսկ ով սիրում է, արժանի է լավ կյանքի: Եթե կա սեր, կանես ամեն ինչ քո երկրի համար:  Ու արդյոնքում՝  կշահի երկիրդ: Դատարկ խոսելով՝ երկար ճանապարհ չենք  անցնի: Գործել է պետք: Եվս մի կարևոր կետ  ազգային արժեքի բանաձևում՝ մենք պետք է շատ կրթվենք, շատ կարդանք,  հիշենք՝ թեև  մենք իսկապես մեզնից մեծ բան ենք  ներկյացնում, բայց աշխարհում բազմաթիվ են   ազգերը, որոնք  հանճարներ ունեն:  Փորձենք դուրս գալ մեր նեղ մտածող  կարգավիճակից ու բացահայտենք, որ  մեզնից բացի կա մի մեծ աշխարհ:  Ու մենք  ամբողջ աշխարհի  մասն ենք: Պետք է բացենք  աչքերն ու  նայենք իրականության աչքերին: Ու նորից եմ ասում՝ կրթվենք ու կրթվենք: