«Ունենք ուղեղների լուրջ արտահոսք, եթե հիմա արագ չգործենք՝ չենք կարողանա նրանց վերադարձնել»
Հետպատերազմական Հայաստանի բոլոր ոլորտներում առկա են խնդիրներ, որոնք պահանջում են շուտափույթ լուծումներ: Սակայն իրական արդյունք գրանցելու համար հարկավոր է ժամանակ ու ռեսուրս: Մարդկային ռեսուրսի դերը շատ կարևոր է, բայց այս պահին ուղեղների արտահոսք է նկատվում:
Արտահոսքը կանխելու տարբերակների, արդյունաբերական արդեն մշակված ծրագրերի և Genesis Armenia-ի նոր նախաձեռնության մասին պատմում է Genesis Armenia-ի «ՏՏ և արդյունաբերություն» ոլորտի ղեկավար Ստեփան Ավագյանը:
Ինչո՞ւ Genesis Armenia
Ամեն ինչ սկսվեց Աբրահամ Գասպարյանի հրավերից: Հանդիպեցինք, խոսեցինք, հասկացա, որ Genesis Armenia-ի նպատակները, գաղափարներն ու արժեքները համընկնում են իմ սկզբունքների հետ: Գասպարյանն առաջարկեց ղեկավարել շատ հոգեհարազատ ոլորտ, խոսքը տեղեկատվական տեխնոլոգիաների և արդյունաբերության մասին է: Ես էլ մեծ ուրախությամբ ընդունեցի առաջարկը: Իհարկե, հետագայում որոշ շտկումներ արեցինք, օրինակ` ոլորտին կցեցինք նաև հեռահաղորդակցության ճյուղը և սկսեցինք աշխատել:Սա մի հարթակ է, որի միջոցով համախմբվել ենք այն հայերով, որոնք ուզում են տեսնել հզոր ու զարգացած Հայաստան: Շատ կարևոր էր հասկանալ, որ միանգամից ոչինչ չի փոխվելու: Եվ ինձ գրավեց մոտեցումը, որ ոլորտները մեկ ընդհանուր մարմին են կազմում, բայց աշխատում են առանձին-առանձին: Այսպես շատ ավելի արագ կհասնենք նպատակներին:
Մեր գործունեության հիմքում սկզբունքներն են, և սա է այն երաշխիքը, որ անպայման հասնելու ենք արդյունքի:
Հետպատերազմական Հայաստանում ՏՏ-ն և արդյունաբերությունը ի՞նչ վիճակում են, ունե՞ք արդեն հստակ քայլեր:
Չեմ կարող պնդել, որ պատերազմից առաջ այս ոլորտները շատ լավ վիճակում էին: Խնդիրները միշտ են եղել, ու դրանք ունեն տասնամյակների պատմություն: ՏՏ-ն մի քիչ ավելի շահեկան դիրքերում է, զարգանում է այլ ճանապարհով, որովհետև անկախ է քաղաքականությունից, և ներքաղաքական վիճակի փոփոխությունները դրա վրա չեն ազդում:
Արդյունաբերության ոլորտի մասին, ցավոք, հիմա ոչ մի լավ բան ասել չենք կարող: Մենք եղել ենք Սովետի արդյունաբերական կենտրոններից մեկը, իսկ հիմա, կարելի է ասել, չունենք արդյունաբերություն: Բայց ունենք մեծ պոտենցիալ։ Պարզապես այս ոլորտը համաշխարհային զարգացման տեմպերից հետ է մնացել, պետք է աշխատել հենց այդ ուղղությամբ:
Հիմա աշխատում ենք ռազմավարությունների վրա: Մենք չենք գրում ռազմավարություն՝ պարզապես թղթին որևէ բան հանձնելու համար: Այդպես հաստատ ռացիոնալ չենք գործածի մեր ռեսուրսը: Ժամանակ է պետք՝ դաշտի գիտակներին ևս ներգրավելու համար: Նրանց ներդրումը մեր արած աշխատանքում շատ մեծ կլինի: Հենց նրանց խորհուրդների հիման վրա կկարողանանք երկրի զարգացման համար մշակել ճիշտ ռազմավարություն:
Մենք արդեն ձեռնարկում ենք հստակ քայլեր. Genesis Armenia գիտավերլուծական կենտրոն/հիմնադրամը սկսում է հավաքել նորարար նախագծեր ու ծրագրեր(տնտեսականից մինչև գիտակրթական), որոնք դիտարկելուց, լավագույններն ընտրելուց և մշակելուց հետո կներկայացնի համապատասխան ներդրողների։ Խոսքը թե՛ հայաստանյանի, թե՛ օտարերկրյա ներդրողների մասին է: Հիմնադրամը դառնալու է ոչ թե լոկ կապող օղակ ներդրողի ու ծրագրի հեղինակի միջև, այլ ամբողջ գործընթացի ակտիվ մասնակից՝ իր կադրային բազայով, բարձր որակավորում ունեցող մասնագետներով։ Իսկ գործակցության ընթացքը ենթադրում է նաև թափանցիկ հաշվետվություն։
Այս շրջանում ունե՞նք ՏՏ «ուղեղների» արտահոսք
Այո՛, ունենք «ուղեղների» լուրջ արտահոսք․ եթե հիմա արագ չգործենք, չենք կարողանա նրանց վերադարձնել: Բայց ունենք նաև դա կանխելու տարբերակներ։ Մենք պետք է ստեղծենք միջավայր, որտեղ մեր «ուղեղները» կկարողանան իրենց օգտակար ու պահանջված զգալ: Բոլոր ոլորտները պետք է զարգացնենք, բայց հիմքը անպայման պետք է դառնա կրթության ոլորտը: Մենք պետք է բարձրացնենք ազգային գիտակցությունը: Պետք է ստեղծենք այնպիսի պայմաններ, որտեղից մարդը չի ուզենա հեռանալ ու կանի ամեն բան՝ ազգայինը պահելու և ազգային շահին ի նպաստ աշխատելու համար:
Այն Հայաստանը, որում ուզում եք ապրել
Թե ինչպիսին կլինի երկիրը, որում կապրեմ տարիներ անց, կախված է մեզնից` յուրաքանչյուրիցս: Եթե ոչ մենք, ապա ո՞վ պետք է մեր փոխարեն գա ու երկիր կառուցի: Այո՛, երբեմն պետք է գնալ ռիսկի, երբեմն պետք է հրաժարվել արտերկրի բարեկեցիկ կյանքից, երբեմն պետք է անել զոհաբերություն․․․ ես ուզում եմ ապրել հենց այն Հայաստանում, որից ոչ ոք գնալ չի ցանկանա: Այդպիսի Հայաստան ունենալը բազմաթիվ ռիսկեր է պարունակում: Բայց ամենամեծ ռիսկը ռիսկի չգնալն է: Այնպես որ, պետք է հայրենիքին տանք մեր ժամանակը, մեր կարողությունը, մեր ռեսուրսը, որ տարիներ հետո ապրենք հզոր ու կայացած Հայաստանում:
