DSC_0856.JPG
 «Ուզում եմ այն Հայաստանը, որը Սփյուռքը կքամի դեպի հայրենիք»

Ո՞րն է հայի ինքնության  կարևոր երանգներն ու  երազանքների Հայաստանի կերտման ճանապարհը․ Genesis Armenia-ի «Մշակույթ» ոլորտի ղեկավար, Օպերային ստուդիայի տնօրեն Հայկ Վարդանյանը պատմել է երազանքների Հայաստանի ու հետպատերազմական Հայաստանի մշակութային խնդիրների մասին․

 

Ինչո՞ւ Genesis Armenia

Genesis Armenia-ն հնարավորություն է  ցանկացած հայի համար: Շատ չեն այն հարթակները, որոնք առաջարկում են համահայկական  ներուժի  համախմբում,  կամ էլ գուցե տեսանելի չեն: Genesis Armenia-ն ակնհայտորեն ստանձնել է այդ առաքելությունը: Անելիքը շատ է․ երկու-երեք տարի հետո  ականատես կդառնանք ֆունդամենտալ փոփոխությունների, և դրանք կլինեն հենց Genesis Armenia-ի շնորհիվ: Ինչպես բոլոր ոլորտներում, այնպես էլ մշակույթում հիմա  շատ բան է փոխվել, պետք է գտնել  ամուր հիմք:

 

 

Հայկական մշակույթը պատերազմից առաջ և  հետո

Սիրում եմ սկսել դրականից: Վստահեցնում եմ` Հայաստանում մշակույթը երբևէ չի եղել այնքան ակտիվ, որքան այս տարեսկզբին:  Մշակութային կոլեկտիվները՝ կլինի թատերախումբ, նվագախումբ, անհատ երգիչ ու երաժիշտ, թե նկարիչ, այնպիսի նվիրումով են  լծվել  աշխատանքին,  որ  վստահ կարող եմ ասել՝ մշակույթի  միջոցով կարողանալու ենք վերականգնել մեր  կոտրված ողնաշարը, ուղղել մեր մեջքը, հույս տալ ժողովրդին ու ապագային նորից նայել պարզ հայացքով:  Բայց չենք կարող նաև անտեսել բացասականը։ Պատերազմը նոր մարտահրավերներ նետեց պետությանը,  և փաստ է՝ մշակույթի  ոլորտը ամենատուժածն է: Հիմա պետք է ավելի քիչ միջոցներով ավելի շատ աշխատենք: Սա, իհարկե, լուծելի, բայց  խնդիր է:

 

Կյանքը  պատերազմից առաջ ու հետո

Մեզ աշխարհում մեր տեղն են ցույց տվել, պետք է այդ փաստի հետ  հաշվի նստենք: Կան մարդիկ, որ ընդունել են ու հիմա ելք են փնտրում ստեղծված վիճակից, կան մարդիկ, որ ամեն ինչի պատճառը փնտրում են իրենցից դուրս: Մեր պարտությունների գլխավոր մեղավորը մենք ենք, մեր ապագա հաղթանակների գլխավոր մեղավորը էլի՛ մենք ենք լինելու: Առողջ մտածելակերպը  պետք է մտածող մարդկանց համախմբի իր  շուրջը,  և մենք նորի՛ց  կհաղթենք:

Կան ակնհայտ բացթողումներ, որոնք  պետք է  ուղղենք և հենց դա դարձնենք   ճանապարհային քարտեզ: Միշտ էլ կարող ենք մխրճվել  տխրության կաթսայի մեջ ու չանել ոչինչ:  Բայց ավելի լավ է լցվենք հավատով, որովհետև հենց այդ  հավատն է հրաքշներ գործելու: Եթե  տեր չկանգնենք  մեր  ինքնությանը,  աշխարհին  առաջարկելիք չեք ունենա:

 

  

Հայի ինքնություն,  որ պետք է աշխարհին առաջարկենք

Ընտանիքի կառուցվածք,  մտավորականության  նկատմամբ  հարգանք, մեծերի խոսքով առաջնորդվելու շնորհք՝ մեր մեծերը  ժամանակին դպրոցից դպրոց էին գնում, կրթում էին դպրոցականներին: Հիմա կարծես հատուկ լռեցնում են մտավորականությանը, կարծես՝ գլխատեն ազգին: Մտավորականությանը  պետք է  ականջալուր լինել: Իսկ մենք  տարիներ շարունակ փչացնում ու ավիրում ենք այն, ինչի հիմքերը ամուր էին ժամանակին: 

 

 

Ինչո՞ւ  ենք ավիրել ու չենք  պահել մերը:

«Ինչու»-ն  պատասխան չունի, և պետք էլ չի փնտրել այդ պատասխանը: Փոխարենը պետք է գիտակցենք, որ անելիքները շատ են, մենք պետք է խարիսխ գցենք մշակույթի վրա, բայց երբևէ չմոռնանանք արտաքին քաղաքականության   ու երկիրը գովազդելու մասին: Այն ամենն, ինչը ազգային ենք  կոչում,  ժամանակի ընթացքում տարածաշրջանային է դարձել: Սրա դեմ չենք կարող պայքարել․  աշխարհագրական դիրքն է այդպիսին:  Մեր մշակութային ժառանգությունը  պետք է հիմնվի ազգայինի վրա, բայց նաև չկտրվի համամարդկայինից:  Պետք է ականջալուր լինենք մեզ ու կանգնենք ճիշտ ուղու վրա,  գնահատենք մերը:   Ընդունենք  թշնամու մարտահրավերը որպես հուշում, դառնանք ավելի պահնաջատեր, պահենք մերը, հզորացնենք ունեցածը:

 

 

Չպահեցինք մերը՝ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու իջեցված գմբեթները վկա  

Թշնամին մեզ լավ  հուշումներ է տալիս  ապագայում իրենց հախից գալու համար, եթե իրենք հասկանում են  մշակույթի կարևորությունը ու հիմա  լծված են հայկական մշակույթը վերացնելու  գործին,  մենք` որպես պետություն,  պետք է լծվենք  մշակույթը  վերականգնելուն  ու պահպանելուն: Պետք է ուժեղանանք,  որ հետո էլի  վերականգնենք այն, ինչը ջնջել են ժամանակավորապես: Սա շատ կարևոր հուշում է, նաև մարտահրավեր։ Թշնամին սկսել է մեր հետքերը  ջնջելուց, հիմա արդեն տեսանելի,  նախքան այս՝ անտեսանելի: Բայց միշտ էլ զբաղվել է հենց դրանով։ Մենք  էլ ենք  տարիներ շարունակ վարել սխալ  մշակութային ու կրթական  քաղաքականություն, հիմնովին ավիրել ենք ամեն բան: Ուրեմն հիմա պետք է շտկենք սխալներն ու ստեղծենք մեր երազանքի Հայաստանը: 

 

 

Ձեր երազանքի Հայաստանը

Հայաստանը պետք է ունենա ապրելու  մեծ ցանկություն, ձգտում:  Առաջին հերթին պետք է ունենանք շատանալու գիտակցություն: Եթե չշատանանք մեր հողի վրա, անիմաստ է  այլ բանի մասին խոսելը:  Սա  գուցե ամբիցիոզ է հնչում, բայց դա է իրական, եթե ոչ միակ տարբերակը:  Հետո ամեն ինչ կհավաքենք դրա վրա, կունենանք ուժեղ տնտեսություն, կունենանք որակ, որովհետև որակը, հաճախ ծնվում է հենց  քանակից: 

 

Ես պատկերացնում եմ և ուզում եմ այն Հայաստանը, որը Սփյուռքը կքամի դեպի հայրենիք։ Նույնքան հայ Հայաստանում, որքան Սփյուռքում՝ այ  սա է իմ ցանկությունների Հայաստանը:  Ես դա տեսնում եմ,  վստահ եմ, որ հնարավոր է: Բայց միևնույն ժամանակ չպետք է թերագնահատենք  անվտանգային մարտահրավերները, պետք է դրանք էլ լուծենք: Խոսքը միայն   ֆիզիկական  բնաջնջման կամ սահմանային ամրության մասին չէ, այլ  նաև ինքնության,  մշակույթի ու ազգային դիմագծի պահպանման մասին: Իսկ անվտանգության խնդիրը լուծելուց հետո  կերազենք ավելի մեծ բաների մասին: